Լուսանիվ

 

 

Համառոտ նկարագրություն: Լուսանիվը հեծանիվների վարձույթի ծառայություն է տեղացիների` քաղաքում ազատ տեղաշարժվելուն աջակցելու համար։ Այն շահույթ չհետապնդող, քաղաքապետարանին պատկանող կազմակերպություն է եւ ֆինանսավորվում է վարձույթից գոյացած գումարի եւ մասնավոր հովանավորի կողմից։ 

Կազմակերպում - օգտագործողի տեսանկյունից։ Յուրաքանչյուր օգտագործող կարող է վարձակալել մեկ հեծանիվ առավելագույնը 60 րոպեով եւ կարող է այն վերադարձնել վարձույթի ցանկացած կետ։ Ուշացրած յուրաքանչյուր 30 րոպեի համար գանձվում է 500 դրամ։ Դիլիջանցիները կարող են գրանցվել ամեն ամիս՝ ներկայացնելով անձնագիր, թողնելով անձնագրի պատճեն, վճարելով ֆիքսված ամսավճար եւ ստորագրելով համաձայնագիր։ Հետագայում ամեն անգամ վարձակալելու ժամանակ եւս օգտագործողը թողնում է ստորագրություն։ Եթե հաճախորդը բաժանորդագրված չէ, ապա նա վարձակալում է թողնելով անձնագիր եւ 10,000 դրամ դեպոզիտ, որ վերադարձվում է հեծանիվը վերադարձնելու հետ։ Միայն Դիլիջանում մշտական բնակություն ունեցող անձիք կարող են բաժանորդագրվել մեկ ամսով՝ վճարելով 1,000 դրամ։ Չբաժանորդագրված Հայաստանի քաղաքացիները վարձակալման առաջին 1 ժամի համար վճարում են 1,000 դրամ, իսկ արտասահմանցիները՝ 3,000։ Յուրաքանչյուր անձ կարող է հեծանիվը վարձակալել մեկ օրով՝ վճարելով 10,000 դրամ եւ թողնելով անձնագիր եւ ստորագրություն։

 Կազմակերպում - ներսից։ Ամեն անգամ վարձակալելուց հեծանիվ տվող աշխատակիցը գրանցում է հաճախորդի տվյալները, հեծանիվի համարը եւ վարձակալման ժամը։ Վարձակալման վերջում հեծանիվը ստացող աշխատակիցը գրանցում է հաճախորդի տվյալները, հեծանիվի համարը եւ հանձնման ժամը։ Եթե վարձակալությունը տեւել է 30 րոպեից ավել, գանձվում է լրացուցիչ գումար դեպոզիտից (եթե առկա է) կամ կանխիկ։ Եթե բաժանորդագրված հաճախորդը ի վիճակի չէ վճարել, նրան այլեւս հեծանիվ չի տրամադրվում մինչեւ պարտքերի մարումը։ 

Ծրագրի սկզբնական փուլերում աշխատողները հաղորդակցվում են հեռախոսով եւ տվյալները գրանցվում են մատյաններում։ Ամեն օրվա վերջում մատյանները համեմատվում են, տվյալները ստուգվում, լրացվում եւ ուղղվում։ Հետագայում, երբ ապացուցվի ծրագրի հաջողությունը, կներմուծվի ավտոմատացված համակարգ համապատասխան տեխնոլոգիաներով։ 

Ամեն աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է ստուգել հեծանիվների հավասարաչափ տեղաբաշխվածությունը եւ անհրաժեշտության դեպքում իր կետից մեկ հեծանիվ տեղափոխել այլ կետ, որտեղ կա հեծանիվների պակաս։ 

Նախապատրաստական աշխատանքներ։ Ձեռք բերված հեծանիվների վրա ամրացնում ենք հովանավորի գովազդը եւ Լույսի լոգոն, որից հետո կամավորները հեծանիվներով շրջում են քաղաքում գովազդելով հեծանիվը որպես ամենօրյա փոխադրամիջոց։ Երեկոյան հետաքրքրվածները հավաքվում են անվտանգ երթեւեկության կարճ դասընթացի։ Այս փուլը ցանկալի է իրականացնել մինչեւ հունիսի 23-ը ներառյալ, Լույսի ուսանողների մասնակցությամբ։ Այլ դեպքում Լույսի ուսանողները պետք է գտնեն փորձառու եւ վստահելի կամավորների, ովքեր կիրականացնեն վերոհիշյալ միջոցառումը։

 Աշխատակիցների խիստ եւ բարեխիղճ աշխատանքը վերահսկելու բարդության պատճառով առաջարկում ենք ստուգումներ իրականացնել փոքր պարբերականությամբ, բայց խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառել խիստ պատիժներ՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացում։

Առաջին փուլ (27/07-09/08)։ Սկսում ենք փորձնական 2 կետից՝ 7:00-21:00 եւ 5 հեծանվով (+ սաղավարտներ, լույսեր եւ այլն)։ Առաջին փուլում, երբ հեծանիվների քանակը փոքր է (5), աշխատողները աշխատանքային օրվա վերջում վերաբաշխում են յուրաքանչյուրը առավելագույնը մեկական հեծանիվ՝ հավասարակշռելով դրանց թիվը։ Սկսելու համար անհրաժեշտ է 500,000 դրամ 5 հեծանիվ ձեռք բերելու համար, իսկ 2 վարձույթի կետերը կլինեն արդեն աշխատող կրպակներ, եւս 220,000 դրամ ամեն ամիս աշխատավարձների եւ հեծանիվների պահպանման եւ վերանորոգման աշխատանքների համար։

 Հնարավորության դեպքում նոր կետեր հիմնելու փոխարեն կարելի է պայմանավորվել հյուրանոցների եւ խանութների հետ՝ վարձույթը իրենց տարածքից իրականացնելու համար։

Երկրորդ փուլ (10/08 - )։ Եվս 2 կետ եւ 10 հեծանիվ։ Հիմնական փողոցների եւ խաչմերուկների գծանշում (քաղաքապետարանի/պետական ֆինանսավորմամբ)։ 

Երրորդ փուլ (Ապրիլ 2016 - )։ Ծրագիրը իրականացնել Գյումրիում/Երեւանում ավտոմատացված համակարգով։ 

Հովանավոր: 

Լուսանիվը որպես բրենդ։ Վերջին մի քանի տասնամյակում կայուն (sustainable) զարգացող բիզնեսի հեղինակություն ունենալը առանցքային նշանակություն է ստացել ամբողջ աշխարհում, վերաիմաստավորելով շահութաբեր բիզնես մոդելը կարճաժամկետ շահույթ հետապնդողից դեպի ավելի հեռատես կայուն զարգացող ձեռարկության։ Լուսանիվի հովանավորի բրենդը սկսում է ասոցացվել հեծանիվի, առողջ ապրելակերպի եւ էկոլոգիապես անվնաս, կայուն զարգացող կազմակերպության հետ, իսկ հեծանվային տրանսպորտը՝ հովանավորի։

Հովանավորը որպես բարեգործ։ Քանի որ Լուսանիվը քաղաքապետարանին պատկանող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, հովանավորը՝ բացի կայուն բիզնեսի վարողից, նաեւ սկսում է ընկալվել որպես բարեգործ։ Ավելին, քանի որ Լուսանիվը ունի ցածր ֆինանսական կարիքներ, կուտակված եկամուտը ուղվելու է քաղաքաշինության, ճանապարհային ենթակառուցվածքների բարենորոգման համար։ Մասնավորապես, կավելացվեն գծանշումներ եւ ճանապարհային նշաններ հեծանվորդների անվտանգ երթեւեկությունը կազմակերպելու համար։ 

Քաղաքապետի քաղաքական գովազդ: Բացի հովանավորից, Լուսանիվը ասոցացվում է նաեւ այն նախաձեռնող քաղաքապետի հետ, ով սկսում է ընկալվել որպես շրջակա միջավայրի մասին հոգացող, քաղաքային տրանսպորտը բարեկարգող, առողջ ապրելակերպ դավանող եւ աջակցող ղեկավար։

Դիլիջանը որպես օրինակելի քաղաք։ Դիլիջանը հանդես է գալիս որպես պիլոտային քաղաք, իսկ առաջին 2 փուլերում ծրագրի հաջողության դեպքում, այն կիրականացվի նաեւ Հայաստանի այլ քաղաքներում արդեն ավտոմատացված էլէկտրոնային համակարգով, մասնավորապես Գյումրիում եւ Երեւանում։ Նման ծրագրի հիմնումը Դիլիջանում եւ տարածումը հանրապետության մյուս բնակավայրեր նպաստում է Դիլիջանի վերջին տարիներին ձեւավորված առաջադեմ քաղաքի համբավին։

 

 

 

 



Գործընկերներ

  • wfp.png
  • heifer.jpg
  • ashtarak_kat.jpg
  • luys.png
  • undp.jpg
  • word_vision.jpg